Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Փոքր ժեստերից սկսվում է մեծ քաղաքականությունը»

«Փոքր ժեստերից սկսվում է մեծ քաղաքականությունը»
21.10.2016 | 10:56

Հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակում Հայաստանում բացվել է «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոն», որի ստեղծման ծրագիրը 2011-2014 թթ. Իտալիայի արտաքին գործերի նախարարության և Միլանի պոլիտեխնիկական համաֆինանսավորմամբ իրականացված «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի շարունակությունն է: Մեր զրուցակիցը մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆՆ է:

«ՈՐՈՇ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԲՅԵԿՏԻՎ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆ»


-Ո՞րն է «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի» ստեղծման հիմնական նպատակը:
-2011-ին ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվեց «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագիրը: Համագործակցության այդ ծրագիրը կրթական բնույթ ուներ: Ավելի քան 100 դիմորդից ընտրվեց ու վերապատրաստվեց 37 մասնագետ: 2015-ին «Եվրոպա Նոստրա» կազմակերպության կողմից ծրագիրն արժանացավ «Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» պատվավոր մրցանակի: Հայ-իտալական համագործակցությունը տվել է իր արդյունքը, կա հուսալի փորձ, ուստի և ներկայիս ծրագիրը կարելի է համարել նախորդի տրամաբանական շարունակությունը: Նոր կենտրոնն իրականացնելու է կրթական ծրագրեր, ինչպես նաև փաստաթղթերի, նորմատիվ ակտերի պատրաստման գործընթաց: Կենտրոնը տարածաշրջանային է, մենք ունենք պայմանավորվածություններ Վրաստանի, Իրանի մասնագետների հետ, որոնք գալու են այստեղ ուսանելու:
-Վերապատրաստումն արդյո՞ք առաջնահերթ է: Կա կարծիք, որ մեր վերականգնող մասնագետները չեն զիջում արտասահմանյան մասնագետներին, մենք ավելի շատ տեխնիկական վերազինման խնդիր ունենք:
-Մեր մասնագետներն իսկապես արհեստավարժ են, պարզապես որոշ մասնագիտություններ, օբյեկտիվ պատճառներով, ծերանում են, և համապատասխան մասնագիտության պահանջարկը, կարծես, մեծ չի լինում: Սակայն մենք ունենք հարուստ հնագիտական ժառանգություն, և հաճախ նոր գտածոները վերականգնելու համար կարիք է լինում դրսի մասնագետների հետ համագործակցելու: Ըստ այդմ, նպատակային է նաև մեր մասնագետների վերապատրաստումը: Հարկ է նշել, որ 2011-ին կրթական ծրագրի շրջանավարտները ստացել են կրկնակի դիպլոմ, որը ճանաչվում է Եվրոպայում: Ներկայիս ծրագրով նույնպես կրկնակի դիպլոմ է շնորհվելու:
-Ի՞նչ կասեք տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասին:
-Տեխնիկական վերազինման անհրաժեշտություն կա մշտապես և բոլոր երկրներում: Գիտությունն արագ է զարգանում: Մեր աչքի առջև մարդիկ թուղթ ու գրչից անցան համակարգչային տեխնիկայի: Նույնը կատարվում է շինարարական վերականգնողական գիտության ոլորտում: Լաբորատոր ուսումնասիրություններն առաջ շատ ավելի պարզունակ էին, այսօր պահանջներն այլ են, և անհրաժեշտ է անընդհատ վերազինվել: Մենք արտասահմանցի գիտնականների համար հետաքրքիր լինելու, տարածաշրջանում առաջինը համարվելու ցանկություն ունենք: Մեր գիտական ներուժով այդպես էլ կա, սակայն անհրաժեշտ է, որ տեխնիկական զինվածությունը նույնպես լինի պատշաճ մակարդակի վրա: Պարզ օրինակ բերեմ. Արենիում հնագույն կոշիկը հայտնաբերվել էր 2007-ին, գյուտի մասին հրապարակվել էր հայկական գիտական ամսագրերում, հնագետներն արձանագրել էին նաև ժամանակաշրջանը, բայց գյուտը սենսացիոն համարվեց 2010-ին, երբ ամերիկյան համապատասխան լաբորատորիան գտածոյի տարիքը հաստատեց:

«ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ ՄԵԾ ԹՎՈՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ»


-ՀՀ տարածքում գրանցված է 24 հազարից ավելի պատմական հուշարձան, վերականգնման ենթակա հուշարձաններից քանի՞սն են պետական «հոգածության» արժանանում:
-Պետական միջոցներով շուրջ երկու տասնյակ հուշարձան անընդհատ վերականգնվում է, բայց դա չի նշանակում, որ երբ սկսում ենք վերականգնել, նաև ավարտում ենք: Տարբեր միջամտություններ են լինում: ՈՒրախալի է, որ տարեցտարի ավելանում է մասնավոր ընկերությունների ներգրավումը այդ գործընթացներում: Պետությունն իրականացնում է գիտական աշխատանքը, նախագիծը, պեղումները, փաստաթղթերի պատրաստումը, մասնավոր կողմը, կնքելով համապատասխան պայմանագիր, իրականացնում է վերականգնման բուն շինարարական աշխատանքները:
-Մասնագետների շրջանում կա դժգոհություն առ այն, որ մասնակի են կատարվում վերականգնման աշխատանքները: Հնարավո՞ր է տարին մեկ հուշարձան վերականգնել, բայց ամբողջությամբ, ինչը ենթադրում է նաև պեղումներ, հուշարձանի տարածքի մաքրում, բարեկարգում:
-Այդպիսի պրակտիկա աշխարհում չկա: Նախ՝ քաղաքացիական շինարարություն չէ, որ մեծ ծավալի գումար տրամադրվի: Մոտեցումը տարբեր է, հուշարձանի վերականգնումն ավելի դանդաղ է ընթանում: Ամբողջը ձեռքով է արվում, հատուկ տեխնիկայով: Բացի այդ, վերականգնման ընթացքում նախագծի մեծ ու փոքր փոփոխություններ են լինում, և հնարավոր չէ ժամանակ սահմանել: Էլ չասենք, որ հանրապետությունում միջամտության կարիք ունեցող մեծ թվով հուշարձաններ կան, չենք կարող 20 հուշարձան թողնել, անտեսել, մինչև մեկը ավարտին հասցնենք:
-Հուշարձանների վերականգնումը դժգոհությունների առիթ է տալիս, երբ աղավաղվում է նախնական տեսքը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Կոնկրետ օրինակների մասին կուզեի խոսել, որովհետև յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է: Գիտականորեն վերականգնվում է մինչև այն նիշը, որտեղ հաստատ գիտեն՝ այդպես է: Եթե սկսվում է վարկածի մասը, օրինակ, եթե գմբեթից որևէ քար չի պահպանվել, այդ հատվածը չեն վերականգնում, սահմանափակվում են ամրակայման աշխատանքով: Հաճախ ասում են` նոր քարով է փոխարինվել: Վերականգնումների ժամանակ, իհարկե, պետք է փորձել մի փոքր նմանեցնել, բայց լավ է, երբ երևում է «կարկատանը»: Նյութը` քարը, պետք է նույնը լինի, բայց տարբերությունը պետք է զգացվի:
-Ի՞նչ է արվում մեր հուշարձանների պրոպագանդման, զբոսաշրջիկներին գրավելու համար: Մշակույթի նախարարությունն այս ոլորտում անելիք ունի՞:
-Անելիքներ միշտ կան: Իբրև օրինակ`«Եվրոպական ժառանգության օրեր», «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր» ծրագրերի շրջանակում տարբեր վայրերում տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում` ճանաչողական այցեր, դասընթացներ դպրոցականների համար: Այս բոլոր միջոցառումներն ուղղված են հուշարձանների ճանաչմանն ու հանրահռչակմանը:
-Ամփոփելով` ի՞նչ կասեք:
-Ձեր իսկ հարցադրումները շեշտելով` կարող եմ ասել, որ անհրաժեշտ է բարձրացնել հուշարձանների պահպանության մակարդակը, հանրությանը իրազեկել, կրթել, որ պատրաստ լինեն ընկալելու՝ ինչ է հուշարձանի պահպանությունը: Այսինքն, տարածքը չաղտոտեն, հուշարձանը չվնասեն, խաչքարերի վրա մոմեր չամրացնեն: Փոքր ժեստերից սկսվում է մեծ քաղաքականությունը: Թեև չեմ դժգոհում, քաղաքացիական հասարակությունը այսօր այնպիսին է, որ պետական աշխատողները պետք է ավելի զգոն լինեն: Սրանք մարտահրավերներ են` հօգուտ հուշարձանների պահպանության:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ